ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացրած փակ հանդիպման ժամանակ կոշտ քննադատություն է արտահայտել Ռուսաստանի վերաբերյալ, ինչը տարակուսանք է առաջացրել անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Սիմոնյանը Բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և Բալթյան երկրների համար լավ լինի: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և Բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերել թերթը:
Ըստ թերթի՝ ԱԺ նախագահի խոսքերը հակասական արձագանքներ են առաջացրել արտաքին քաղաքական շրջանակում և անգամ Բալթյան երկրների ներկայացուցիչները տարակուսել են, որ նա իր խոսույթով ավելի հակառուս է, քան իրենք, որ ողջ քաղաքականությունը կառուցել են այդ սկզբունքների վրա:
Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը թերթին պարզաբանել է, որ ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել։
Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել էր Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը:
ԱԺ նախագահն Իսպանիայում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում ընդգծել էր, որ «համաժողովի առանցքը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու հարցն է» և հավելել, որ «Հայաստանը վճռականորեն սատարում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների ամբողջականությանը»։
Նա Մոսկվային մեղադրել էր «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու, ինչպես նաև Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի դեմ «հիբրիդային հարձակման» մեջ՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման հետ կապված։
Երկու օր անց՝ ապրիլի 24-ին, ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարը հանձնարարել էր հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» հետ։