Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Փորձագետը սա «աննախադեպ և բացառիկ» երևույթ է որակել հայ-չինական հարաբերությունների պատմության մեջ՝ ընդգծելով, որ դա «շատ հստակ մեսիջ է»: Սարգսյանն առանձնացրել է ստեղծված իրավիճակի երեք պատճառ։
Նրա խոսքով՝ առաջին հերթին Հայաստանը, չնայած ամենաբարձր մակարդակի հավաստիացումներին, հետաքրքրություն չի ցուցաբերում Պեկինի «Ճանապարհ և գոտի» նախագծի նկատմամբ և ոչինչ չի անում դրան մասնակցելու համար:
Սարգսյանն ընդգծել է, որ այս հարցում Չինաստանի համար կան երկրներ, որոնք բարեկամաբար են վերաբերվում նախագծին և երկրներ, որոնք հակադրվում են:
Որպես երկրորդ պատճառ՝ փորձագետը նշել է Հայաստանի՝ կրոնական ազատության դաշինքին անդամակցության շարունակումը։ Սարգսյանը նշել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն ինքն է խոսել կազմակերպության հակաչինական բնույթի մասին: Փորձագետն ընդգծել է, որ դաշինքը փաստացի չի գործում արդեն 4 տարի, սակայն Հայաստանը շարունակում է մասնակցել դրան:
«Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին՝ հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից»,- գրել է նա:
Փորձագետը հավելել է, որ Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենազգայուն թեման է, և այդ հարցում Պեկինն այլ կարծիք չի հանդուրժում, քան «Մեկ Չինաստան» սկբունքը:
Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան ֆան Յոնգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից, իր առաքելությունն ավարտել էր 2024 թվականի հուլիսին:
Հուլիսի 3-ին Չինաստանը և Ադրբեջանը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում ընդունել էին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր: