ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։
Հանձնաժողովի անդամներ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ դրական եզրակացություն ստացած նախագիծը կներառվի փետրվարի 11-ից մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։
Նույն օրը Կրեմլը մեկնաբանել էր ՀՀ կառավարության դիրքորոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան ԵՄ անդամակցության նախագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նախագծին հավանություն տալու ՀՀ կառավարության որոշումը «դավաճանություն» էր անվանել։
Հունվարի 11-ին ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի օրենսդրական նախաձեռնությունը և նախատեսում է այն քննարկել Երևանի հետ։