«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները որոշել են «կանաչ լույս վառել» Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնության հետագա առաջմղման համար՝ աջակցելով այն դրական եզրակացությամբ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում, գրել է «Ժողովուրդ» թերթը՝ իր աղբյուրներին հղումով։
Ըստ հրապարակման՝ իշխանությունները չեն ցանկանում նոր հակառակորդներ ստեղծել ի դեմս արտախորհրդարանական ուժերի, որոնք նախաձեռնել են այս գործընթացը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հաշվարկել է, որ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում արտախորհրդարանական ուժերը կարող են իրեն պետք գալ ու չի ցանկանում նրանց հետ թշնամություն անել՝ մերժելով նախաձեռնությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթը չի բացառել, որ իշխանությունները նախատեսում են ընտրություններից առաջ եվրաինտեգրման գործընթացի միջոցով ամրապնդել իրենց դիրքերը, քանի որ պատերազմից հետո հայ հասարակության մեծամասնության հայացքներն ուղղված են դեպի Եվրոպա։
Հունվարի 23-ին ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում, վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանն անխուսափելիորեն շարժվելու է դեպի ԵՄ, քանի որ ունի ժողովրդավարական համակարգ։
ՀՀ կառավարության հունվարի 9-ի նիստում հավանության էր արժանացել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Օրինագիծը պաշտոնականացնում է ԵՄ լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների սպասումները, ինչպես նաև առավել աշխատանքային միջավայր ձևավորում ԵՄ-ի հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետն ընդգծել էր, որ ԵՄ-ին երկրի անդամակցության վերջնական որոշումը կարող է կայացվել միայն համապետական հանրաքվեով։