Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհայի տնտեսական ֆորումի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով երկկողմ օրակարգի արդյունավետ իրականացումը, հավելել են գերատեսչությունից։
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։