Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն անխուսափելիորեն կմոտենա Եվրամիությանը, քանի որ ժողովրդավարական երկիր է, նա այդ մասին ասել է Դավոսում տեղի ունեցած «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը։
«Մենք ցանկանում ենք ավելի մոտ լինել ԵՄ-ին, քանի որ ժողովրդավար ենք: Եթե երկիրը ժողովրդավարական է, պետք է ավելի մոտ լինի կամ անդամակցի ԵՄ-ին, այլապես ուղղակի անտրամաբանական է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին նախագծին։
Փաշինյանի խոսքով՝ խորհրդարանը «մեծ հավանականությամբ» կընդունի նախագիծը, ինչը, ըստ նրա, վերջնականապես կամրապնդի ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման գործընթացի սկիզբը։
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հսկայական փոփոխությունների են ենթարկվել։
«Օրինակ՝ մենք սկսել ենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ քննարկումները։ Թեև այդ հարցը երկար տարիներ կար մեր օրակարգում, բայց մենք չէինք կարող նույնիսկ բանակցություններ սկսել այդ գործընթացի շուրջ»,- ասել է նա։
Մինչդեռ հիմա, Փաշինյանի գնահատմամբ, Հայաստանի և Եվրոպայի հարաբերություններում հսկայական դրական դինամիկա կա։
Փաշինյանը քննարկման ժամանակ հիշեցրել է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի մասին և հայտարարել, որ այն ձեռնտու կլինի նաև ԵՄ-ին: Վարչապետի կարծիքով՝ երբ այդ նախագիծը կյանքի կոչվի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով դեպի ԵՄ մատակարարման ուղիղ և նոր շղթաներ կստեղծվեն։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։