Իրավապահներն սկսել են 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հասցեին «դավաճան» և «հողատու» բառերը գոռացողների որոնումները, գրել է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Թերթի համաձայն՝ իրավապահները մեկը մյուսի հետևից ծանուցումներ են ուղարկում Ազգային դեմոկրատական բևեռ շարժման անդամներին։ Այս գործով արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել տարեց Տիգրան Դրմեյանը, և նրա գործը գտնվում է դատարանում։
Թերթը նշել է, որ առաջիկայում Քննչական կոմիտե կկանչվի նաև դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը, որից հետո «մեղադրանքն անխուսափելի կլինի»։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հակոբյանին դիմավորել էին «Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով։ Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ 1 անձի մեղադրանք էր առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել էր ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։