Անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով կուսակցության աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, և պատգամավորը փորձել է դա գաղտնի պահել։ Նա իր մերձավոր շրջապատին բացատրել է, որ չի ցանկանում հանրայնացնել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։
«ՔՊ-ում ակտիվ քննարկում են գործընկերոջ «դժբախտությունը», ոմանք չարախնդում են, թե եթե Հրաչն իր առանձնատանը մի քիչ երկար ապրեր, չէին թալանի` ամբողջ տարին շրջագայում է, գողերն էլ օգտվել են դրանից»,- նշում է հրատարակությունը։
Լրատվականի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ հունվարի 14-ին հաղորդում են ստացել, որ Ձորաղբյուրի առանձնատներից մեկում գողություն է տեղի ունեցել, գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին։
Թերթը պնդում է, որ Հակոբյանն այս առանձնատունը ձեռք է բերել Հայաստանում իշխանափոխությունից հետո։