ԱԺ-ն երկրորդ ընթեցմամբ քննարկեց քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը շուրջ 50 անգամ բարձրացնելու մասին Ներքին գործերի նախարարության առաջարկած փաթեթը։
ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը նշեց, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել քաղաքացիության հետ կապված գործերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ։
Ըստ օրինագծի՝ ՀՀ քաղաքացիության համար պետական տուրքը 1000 դրամից կդառնա 50 000 դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 25 000-ից 150 000 դրամ։ Ղազարյանը նշեց, որ 1997 թվականից ի վեր քաղաքացիության համար պետական տուրքի չափը չի փոխվել։ Նա հավելեց, որ փախստականներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատված են պետական տուրքից։
Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն, իր հերթին, ընդգծեց, որ բազմաթիվ քաղաքացիներ երկար տարիներ «մեղք են գործում Հայաստանի դեմ»՝ հրաժարվելով քաղաքացիությունից՝ իրենց որդիներին ծառայությունից ազատելու համար։ Իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար պետական տուրքի բարձրացումը, նրա կարծիքով, «բոլորովին աննշան է»։
Նազարյանն առաջարկեց 27 տարեկանից բարձր քաղաքացիների համար քաղաքացիությունից հրաժարվելու վճարը 10 անգամ (1,5 մլն դրամ), իսկ մինչև 27 տարեկանների համար՝ 100 անգամ (15 մլն դրամ) ավելացնել։
Դեկտեմբերի 3-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել էր քաղաքացիության ստացման և հրաժարման մասին նախաձեռնությունը։