Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
«Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը նաև կիսվել է Վարդանյանի՝ հունվարի 16-ի ուղերձով, որով գործարարը պատմել էր իր դեմ հարուցված գործով կեղծիքների մասին և պահանջել բաց դատավարություն։
Մխիթարյանը նշել է միջազգային կազմակերպություններին՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով հայ գերիների ազատ արձակման խնդրի վրա։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկում է Վարդանյանի և Հարությունյանի գործով դատաքննությունը։