Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին։ Նա որպես վիրավորանքի փոխհատուցում պահանջել է 500 000 դրամ:
«Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է, Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն»,- գրել է Իսկանդարյանը:
Նա հավելել է, որ ինքն Opel ունի և կոչ է արել Opel-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով:
2024 թվականի դեկտեմբերին քաղաքապետի հայրը, հարցման ժամանակ պատասխանելով Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի տարեկան 160 հազար դրամ վճարի մասին հարցին, ասել էր, որ դրույքաչափերը «պիտի 500 000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի՝ ամեն իրա գեղի «Opel»-ով»։ Դեկտեմբերի 26-ին քաղաքապետը երևանցիներից ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար։