Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարության միջև երկրների մաքսային մարմինների փոխադարձ օգնության համաձայնագիրը վավերացնելու նախագծին։
Զեկուցող ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը հայտնել է, որ համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման հնարավորություն է տալու։ Նա հավելել է, որ նախագիծը հիմքեր է ստեղծելու երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման, փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման ու ընդլայնման համար։
Գևորգյանը հույս է հայտնել, որ 2025-ին որոշակի անցման կետերում կլինեն բարելավումներ՝ օգտագործելով նաև ԱՄՆ կառավարության տրամադրած աջակցությունը: Նա նշել է, որ նախագիծը կխթանի թափանցիկությունը և կօժանդակի տեղեկատվության փոխանակմանը։
ՊԵԿ փոխնախագահը տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ կառավարության հետ ՀՀ-ն վերազինման երկկողմ նախագծեր ունի։
«ՀՀ-ի և ԱՄՆ-ի մաքսային ծառայությունների համագործակցությունն այս համաձայնագրով չի սահմանափակվում։ Տվյալների փոխանակումից բացի, մենք նաև վերազինման նախագծեր ունենք։ Բոլոր գործընթացներն առաջ են գնում»,- վստահեցրել է Գևորգյանը։
Համաձայնագիրն ստորագրվել էր 2024-ի հունիսի 11-ին՝ Երևանում կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման ժամանակ։
Նախորդ տարվա օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ-ի հետ մաքսային փոխօգնության մասին համաձայնագրի նախագծին։ Համաձայանգրի նպատակն է լուծել այն խնդիրները, որոնք ծագում են տեղեկատվության փոխանակման և հարցումների ընթացքում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով: