Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 19-ի հարցազրույցից հատված, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը:
«Բայց մենք ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- ասել էր Փաշինյանը:
Բաղդասարյանը մեջբերել է նաև վարչապետի հունվարի 8-ի գրառումը, որում վերջինս ընդգծել էր, որ ՀՀ տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
«ՀՀ-ն միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- գրել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։
Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։