Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի վերջին Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները «կարևոր ներդրում» է անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման գործում։ Այս մասին ասված է ՌԴ դեսպանի ամանորյա ուղերձում։
Նա վստահեցրել է, որ 2025 թվականին Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար։
«Այս փաստաթուղթը մեզ թույլ կտա գործնական փուլ անցնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեջ»,- վստահ է Կոպիրկինը։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ցուցանիշները մեկ տարում աճել են ավելի քան երկու անգամ։
«Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրային գործընկերը և ներդրողը, ինչը մեր սերտ բազմակողմ փոխգործակցության տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև եվրասիական տնտեսական ինտեգրման արդյունքը։ Զարգացել են գիտակրթական, մշակութային կապերը։ Եվ սա ևս մեկ վկայություն է մեր ժողովուրդների փոխադարձ գրավչության՝ կապված ընդհանուր պատմության կապերով, հոգևոր, բարոյական և մշակութային արժեքներով, որոնք մենք պետք է պաշտպանենք և փոխանցենք գալիք սերունդներին»,- իր խոսքում ասել է ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը «շատ հաջող է անվանել համագործակցությունը երկրների միջև ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում», առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության հարթակում։
«Շատ բան է արվել, բայց դեռ շատ բան կա անելու։ Համոզված եմ, որ աշխարհում շարունակվող ճգնաժամը և, ընդհանրապես, գլոբալ տուրբուլենտները պետք է ավելի ուժեղ միավորեն մեր երկրներին և ժողովուրդներին՝ ընդառաջ ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին, և խրախուսեն մեզ զարգացնելու և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Եկել է Եվրասիական մայրցամաքում անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ կառուցելու ժամանակը։ Թո՛ղ որ այդպես լինի։
Մաղթում եմ, որ գալիք տարում բոլորիս սպասեն երջանկություն, նոր ձեռքբերումներ և դրական հույզեր կրող լավ իրադարձություններ, իսկ Ռուսաստանին և Հայաստանին՝ բարգավաճում և անվտանգ զարգացում»,- եզրափակել է ՌԴ դեսպանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին հոկտեմբերի 24-ին՝ Կազանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել էին շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, քննարկել էին նաև սահմանազատման հարցը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մինչ երկկողմ հանդիպումը՝ Փաշինյանը և Ալիևը ԲՐԻԿՍ-ում զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։
Հոկտեմբերի 29-ին «Հրապարակ»-ին հայտնի էին դարձել Կազանում Փաշինյանի և Ալիևի զրույցի մանրամասները։ Ըստ թերթի՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների վերականգնման հարցը և խոսել գերիների, այդ թվում՝ Բաքվում ապօրինի կալանավորված, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի մասին։