Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել զորակոչիկի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը նվազեցնելու նախագծին:
Ըստ նախագծի՝ սահմանափակումներով զինծառայության համար պիտանի են ճանաչվելու այն զորակոչիկները, որոնք հիվանդության պատճառով տարկետում են վերցրել, սակայն տարկետման ժամկետի ավարտից հետո առողջական վիճակի վատթարացում չեն ունեցել։ Նախագիծը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ հասարակությունը շահագրգռված չէ բժշկական միջամտությամբ տարկետում ստացած զորակոչիկի առողջությունը վերականգնելու հարցում:
«Սա բերում է նրան, որ մեկ տարով տարկետումը երկարաձգվում է ևս մեկ տարվով և այդպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ զինծառայությունից խուսափելու համար սա յուրօրինակ սողանցք է։ Այս փոփոխությամբ նաև վերականգնում ենք արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում, այսպես ասած, խրախուսել տարբեր ձևերով զինծառայությունից խուսափելը»,- նշել է նախարարը։
Փաշինյանն, իր հերթին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք հիվանդությունների պատճառով զորակոչային տարիքի շատ երիտասարդներ չեն զորակոչվում բանակ: Նրա կարծիքով՝ այստեղից կարելի է երկու հետևություն անել։
«Կա՛մ Հայաստանում համատարած խնդիր կա երիտասարդ սերնդի առողջական վիճակի առումով, որը երկրի պետական անվտանգության լուրջ մարտահրավեր է, կա՛մ գործ ունենք օրենքի չարաշահման հետ»,- հայտարարել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ բանակում կան ծառայության այնպիսի տեսակներ, որոնք համատեղելի են առողջական խնդիրներից բխող սահմանափակումների հետ։ Նա այդ համատեքստում նշել է նաև գրասենյակային բնույթի ծառայության մասին։
«Պետք է ուղիղ ասել՝ ՀՀ բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է նվազագույնի հասցվեն»,- ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են անցնել պայմանագրային ծառայության, բայց չեն կարողանում դա անել այս կամ այն հիվանդությունների պատճառով:
«Մարդն ուզում է ծառայել, բայց այդ հիվանդությունների ցուցակի պատճառով ՊՆ-ն հնարավորություն չունի պայմանագիր կնքել և նրան ընդունել պայմանագրային ծառայության»,- եզրափակել է վարչապետը:
Այս տարի Հայաստանում արդեն կրճատել էին այն հիվանդությունների ցանկը, որոնցով զորակոչի ենթակա տղաներին բանակ չէին զորակոչում։ Նման որոշում էր կայացրել կառավարությունը՝ ապրիլի 18-ի նիստում։ Խոսքը 0,5 սմ և ավելի երկարության կիստաների, ինչպես նաև ուրոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների մասին է, ինչպիսիք են մտավոր հետամնացության մեղմ աստիճանը և գիշերային էնուրեզը: Փաշինյանը դեռ այն ժամանակ հայտարարել էր «զորակոչից ազատվելու բազմաթիվ սողանցքների առկայության մասին»։