Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս և, միևնույն ժամանակ, իր գործընկերների նկատմամբ հարգանքից դրդված՝ չի միջամտում կազմակերպության որոշումներին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ Երևանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։
«Ինչ վերաբերում է փաստաթղթերին, մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, ինչը նշանակում է, որ չենք մասնակցում ո՛չ փաստաթղթի մշակմանը, ո՛չ քննարկմանը, ո՛չ առաջարկ ենք տալիս, ո՛չ առաջարկների նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում։ Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև մեզ, ըստ էության, արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են թող որոշեն, մենք չենք մտնում նրանց գործերի արանքը և ասում, որ դե յուրե այստեղ վետո դնելու իրավունք ունենք, դա էլ հարգելով մեր գործընկերներին»,- ընդգծել է վարչապետը։
Երևանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերություններում առկա իրավիճակը, ըստ նրա, գնալով ավելի է բարդանում և գրեթե անհնար է դարձնում ՀՀ-ի վերադարձը կազմակերպություն։
«Կարծում եմ, որ անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք»,- եզրափակել է Փաշինյանը։
Նոյեմբերի 28-ին Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։
Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջոցառումներին։
Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023թ․ բյուջեի կատարման քննարկմանը հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխ լինելու մասին։