Լոնդոնը հույս ունի շարունակել համագործակցությունը Երևանի հետ գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորանքում։
«Ես գնահատում եմ մեր ժողովուրդների միջև կապերը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում»,- ասել է նա՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում։
2023 թվականի նոյեմբերին Լոնդոնում կայացել էին հայ-բրիտանական վեցերորդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որոնց արդյունքում կողմերն ստորագրել էին 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին մարտին խոստացել էր աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման պատճառով ռուսական սպառնալիքների դեպքում։
Մայիսին ֆրանսիական Intelligence Online հրատարակությանը հայտնի էր դարձել, որ Հայաստանի կառավարությունը կապ է հաստատել բրիտանական Sanctuary Counsel խորհրդատվական ընկերության հետ՝ բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապեր փնտրելու համար: 2023 թվականի դեկտեմբերին Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Միացյալ Թագավորության հետ Հայաստանի շփումների ակտիվացումը և դա կապել Ուկրաինայի իրավիճակի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության հետ։
Դատարանն անվավեր է ճանաչել Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու մասին որոշումը․ փաստաբան
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը, հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։...