ԱՄՆ-ն Հայաստանին ՌԴ-ից հեռացնելու պայմաններ է ստեղծում, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած համարձակ քայլերը թույլ են տալիս Հայաստանին կտրվել Ռուսաստանից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայնը։
Նա հայտարարել է, որ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից։
«Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից թե՛ էներգետիկայի, թե՛ տնտեսության առումով։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա։ Ռուսաստանը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը, սակայն 2020 թվականի պատերազմից հետո և դրանից առաջ այդ երաշխիքը ձախողվեց։ ՌԴ-ն մեջքով շրջվեց դեպի Հայաստանը, մինչդեռ Ադրբեջանը վերցրեց Ղարաբաղն ու հարակից տարածքները։ Սա հանգեցրեց լուրջ իրավիճակի․ Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում էր հեռանալ Ռուսաստանից, և մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նաև կարևորել է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հեռացնելու որոշումը։
«Այս շաբաթվա վերջին ՌԴ սահմանապահները պետք է հեռանան օդանավակայանից։ Ընդհանուր առմամբ, մենք կտեսնենք, թե ՌԴ-ն արդյոք պատրա՞ստ է հետևել Հայաստանի ինքնիշխան ձգտումներին, որպեսզի կարողանա կառուցել այն հարաբերությունները, որոնք ցանկանում է Հայաստանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Օ’Բրայնը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն ջանասիրաբար աշխատում է, որ խաղաղության ձգտումն արտահայտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագրում։
«Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունենա իր պայմաններով։ Կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը մի փոքր հիասթափված են այդ իրավիճակից։ Նայեք քարտեզին՝ Կենտրոնական Ասիայից մինչև վերջ։ Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և հենց հիմա միակ ելքը դեպի համաշխարհային շուկաներ, ըստ էության, Ռուսաստանն ու Չինաստանն են: Եթե մենք կարողանանք բացել այն ճանապարհը, որն անցնում է Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք հնարավորություն կունենան մուտք ունենալ դեպի համաշխարհային շուկաներ և, ընդհանրապես, աշխարհ: Այդ դեպքում շատ ավելի քիչ կախվածություն կլինի Ռուսաստանից և Չինաստանից»,- հավելել է նա։
Մարտի 6-ին ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը «Զվարթնոցում» ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե նրանք դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։