Մոսկվան մեղադրել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ աշխատելու մեջ։
«Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Եվ, առավել ևս, երբ ՆԱՏՕ-ի երկրներն սկսեցին միանալ դրան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ «ԵՄ-ի կիսառազմական ներկայությունը Հայաստանի տարածքում» ապակայունացնում է քաղաքական իրավիճակը և տարածաշրջանը վերածում աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)։
2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: 2024 թվականի մարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Այս մասին ապրիլի 17-ին հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։