ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է օգտագործել Միացյալ Նահանգների ազդեցությունը Հարավային Կովկասում «Հայաստանի խաղաղ վերամիավորման համար», հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ինձ իսկապես զարմացնում է, որ աշխարհը չնկատեց այս ռասայական, էթնիկ զտումները, այս ցեղասպանությունը: Բայց ես կշարունակեմ խոսել այդ մասին և օգտագործել իմ լիազորությունները որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ամրապնդելու համագործակցությունը երկրների միջև այս տարածաշրջանում և կանեմ հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի խաղաղ վերամիավորման համար»,- ասել է նա Բըրբենքում ունեցած ելույթում։
Քաղաքական գործիչը նշել է, որ շնորհիվ Մասաչուսեթսի իր հայրենի Ուոթերթաուն քաղաքի հայերի հետ հաղորդակցվելու՝ ինքը դեռ դպրոցական տարիներից գիտեր ցեղասպանության և դրա հետևանքների մասին։
«Ես ուտում էի հայկական սնունդ և լսում ողբերգական պատմություններ՝ անձնական ողբերգության, քանի որ գրեթե բոլորը, ում ես հանդիպել էի Ուոթերթաունում, փախստականներ էին, և մեր երկիրը նրանց համար ապահով վայր էր»,- ընդգծել է նա։
2023 թվականի դեկտեմբերին Քենեդի կրտսերը հայտարարել էր Միացյալ Նահանգների կառավարության կողմից արցախահայության ինքնորոշման իրավունքին աջակցելու և նրանց անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Հունվարին նա խոստացել էր օգնել Արցախի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը։ Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին դատապարտել էր Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական օգնություն տրամադրելը։
Մյանմայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Սեյսմոլոգները հայտնում են, որ...