Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը և մրցանակը հանձնել դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանին:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին՝ կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մանուկյանին, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյանին, մանրանկարիչ-կրկնօրինակող, «Հայկական մանրանկարչության ստուդիա»-ի հիմնադիր Աննա Մարգարյանին, «Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանին, «Գիտակ ռոբոտիկս» ծրագրավորման և ռոբոտաշինության ստուդիայի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանին, հայկական ավանդական հարսանիք կազմակերպող «Թոնիր հարսանեկան գյուղ»-ի հիմնադիրներ Հայկ Երանոսյանին և Սիրարփի Խոջաբաղյանին, «Հնձան պանդոկ»-ի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Միքայելյանին, հագուստի դիզայներ, «Շամշիկ» ապրանքանիշի հիմնադիր Աննա Ավետիսյանին, քանդակագործ, «Բեն Արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանին, «Զինվորաց իշխանաց» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Սիրվարդ Բերբերյանին, միկրոկանաչիների արտադրության հիմնադիր Իննա Ամիրխանյանին, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վաղրամյանին:
Մինչ գլխավոր մրցանակը հանձնելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ հայրենասիրությունն, այդ թվում՝ պրոֆեսիոնալիզմն է:
«Մենք տեսնում ենք, որ ամեն տարվա հետ այս մրցանակաբաշխությունն իր կազմակերպման, անցկացման որակով դառնում է ավելի պրոֆեսիոնալ: Ուզում եմ այն մարդկանց, ովքեր իրականացրել են այս ամբողջ աշխատանքը, հատուկ շնորհակալություն հայտնել: Բայց չեմ կարող հատուկ չընդգծել Հայաստանի Հանրապետության օրհներգի այն կատարումը, որը մենք լսեցինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար: Վաղուց չէի լսել Հայաստանի Հանրապետության օրհներգի այնպիսի կատարում, որն ուղղակի, եթե շատ ուղիղ ասենք, մտնի երակներիդ մեջ: Եվ սկսած մեր փոքրիկ մենակատարի ընդհատվող ձայնից և շարունակությամբ ու կուլմինացիայով, դա իսկապես Հայաստանի Հանրապետության արժանի կատարում»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում լավ ապրելը հաճախ հակադրվել է Հայաստանում ապրելու հետ:
«Ինձ համար այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին նրա մասին է, որ մեր հերոսները ոչ միայն չեն հակադրում լավ ապրելը Հայաստանում ապրելու հետ, այլև լավ ապրելը կապում են Հայաստանում ապրելու հետ: Երբ ես տարբեր առիթներով և այս մրցանակաբաշխությանը պատրաստվելիս նայում էի հոլովակները, հանկարծ արձանագրեցի, որ հերոսները՝ այսօրվա մեր մրցանակաբաշխության հավակնորդներն արտահայտում են մտքեր, որոնք գրառելու արժանի են: Չեմ թաքցնի՝ ինքս իմ այսօրվա ելույթի համար ինձնից շատ բան չեմ ասի, ես պարզապես ուզում եմ մեջբերումներ անել «Մեր ժամանակի հերոսը 2023» մրցանակաբաշխության նոմինանտներից, որոնք սղագրել եմ սեփական ձեռքերով, որովհետև համարել եմ, որ դա շատ կարևոր աշխատանք է»,- նշել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: