Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերն Ադրբեջանի կողմից Հայաստանի կողմից սեփական ռեսուրսների շահագործման հերթական արգելքն է, Facebook-ում գրել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա զգուշացրել է Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության այլ դրսևորումների մասին ևս։
«Ադրբեջանական զորքերը վաղուց ՀՀ ինքնիշխան տարածքներում են, ավելին` միջամտում են ՀՀ ներքին հարցերին, որոշում` հայտարարություններից մինչև տնտեսական և անվտանգային խնդիրներ»,- գրել է նա:
Պատգամավորը հիշեցրել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարան կառուցել Երասխում, իսկ հիմա` դեմ է Կապանի օդանավակայանի շահագործմանը:
Աբրահամյանը զգուշացրել է ադրբեջանական կողմից սպասվող «քարոզչական պատերազմի» մասին՝ ընդդեմ հանքարդյունաբերության այլ խոշոր ձեռնարկությունների՝ նրանց գործունեությունը արգելելու նպատակով։
Օգոստոսի 18-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել էր Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին։ Անվտանգության ծառայության տվյալներով՝ փամփուշներից վնասվել են օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը։
Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հաստատել էր, որ Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները պատահական չեն եղել։ Նրա խոսքով՝ օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։
Ի պատասխան Բաքվի հայտարարության՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ թռիչքները կիրականացվեն բացառապես Հայաստանի օդային տարածքում։ Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին: