Ռուս դիվանագետները կայցելեն Կապան՝ քննարկելու ՌԴ հյուպատոսության բացման հարցը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն ռուս դիվանագետներ, որոնք օպերատիվ հարցերով կզբաղվեն անմիջականորեն «տեղում»,- ասել է Գոնչարը։
Նա նաև ասաց, որ բազմաթիվ առաջարկներ կան Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների և մարզերի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Օրակարգում հաջորդ՝ տասներորդ անընդմեջ Միջտարածաշրջանային համաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանում աշնանը, մանրամասնեց ռուս դիվանագետը։
Հայաստանը համաձայնել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին, Armenia Today-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ Կապանում ՌԴ հյուպատոսության առաջիկա բացումը մեծ դեր կխաղա մարզի անվտանգության ապահովման գործում։