Ադրբեջանը մերժել է Հայաստանի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 000 էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը,«Reuters»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, իսկ նման պահանջն էլ նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին:
«Մենք նման նախապայման չենք ընդունում… մի շարք պատճառներով»,- ասել է նա։
«Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է նա:
Էթնիկ հայերը դեռ կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին, շեշտել է Բայրամովը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների շրջանակներում Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։ Դրանից մեկ օր առաջ՝ հունիսի 15-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական, մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։