Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին, հայտնում է newsgeorgia.ge-ն։
Նախագծի ընդունմանը «դեմ» քվեարկեց 35 պատգամավոր, «կողմ»՝ մեկ պատգամավոր։ «Երեսունհինգ պատգամավոր դեմ է, մեկը՝ կողմ։ Նիստը փակ է»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իշխանությունները մարտի 9-ին հայտարարեցին, որ հետ են կանչել փաստաթուղթը, սակայն ավելի ուշ ընդդիմության ներկայացուցիչները զգուշացրել են, որ բողոքի ակցիաները շարունակվելու են։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը պաշտոնապես հետ կանչելու համար անհրաժեշտ է երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել ձայների մեծամասնությամբ։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունել են օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագիծը։ Գաղափարի հեղինակներն էին «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները։
Նախաձեռնությունն արժանացավ ընդդիմության և արևմտյան երկրների քննադատությանը` կապված օրենսդրություն օտարերկրյա գործակալ հասկացության ներդրման հետ: Բողոքի ցույցերը Թբիլիսիում շարունակվել են մի քանի օր անընդմեջ։ Մարտի 7-ի երեկոյան ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։