Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների տունը կորցրած բնակիչներին տրվող ամսական աջակցությունը կերկարաձգվի։ Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 2-ի նիստում։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիները, ովքեր դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են 300 000 դրամ միանվագ աջակցություն, իսկ 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ՝ ամսական 68 000 դրամ, 8 ամիս ևս (2022 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ) կստանան ամսական աջակցություն:
Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022 թվականի հոկտեմբերին ծնված երեխա է: Այդ երեխայի համար պետք է վճարվի նաև միանվագ դրամական աջակցություն՝ 300 000 դրամ և ամսական օգնություն՝ հոկտեմբեր ամսից սկսած:
Նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ է 21 108 000 դրամ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 29-ին որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն: Նախատեսվել է այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումը հաստատվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի նիստում (յուրաքանչյուր բնակչի միանվագ 300 հազար դրամ, և 6 ամիս՝ 68 հազարական դրամ), իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ 13 տնից բաղկացած, իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար: