ՊՆ նախկին շենքը պետության հոգածության ներքո է, իսկ դրսում մնացած քաղաքացիներն ո՞ւմ հոգածության ներքո են։ Այս մասին ասաց ՊԵԿ շենքի մոտ հավաքված ՊՆ նախկին շենքի բնակիչների բողոքի ակցիային միացած իրավապաշտպան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է լինի սոցիալական բնակարանաշինություն։ Յուրաքանչյուր շինարար իր կառուցած շենքի մի մասը պետք է հատկացնի ՏԻՄ-ին, իսկ ՏԻՄ-ն ունենա իր ֆոնդը։
«Խորհրդային տարիներին մենք հենց այդպես էլ ապրում էինք։ Մենք սեփականատեր չենք եղել․ ունեցել ենք բնակարանի օգտագործման, փոխանակման իրավունք, բայց սեփականատեր չենք եղել»,- ասաց նա։
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ երկրի ներքին անվտանգությունը պահանջում է, որ բոլոր բնակիչները լինեն պաշտպանության ներքո, ունենան մարդավայել պայմաններ, որոնք ստեղծել էին այդ շենքում։
«Այդ շենքը սկսվել է բնակեցվել 2018 թվականին՝ հեղափոխությանը զուգահեռ։ Եվ այդ ժամանակ իշխանությունը դրան ուշադրություն չէր դարձնում»,- շեշտեց Ալավերդյանը։
Նրա կարծիքով՝ այժմ պետությունը քաղաքացիներին պետք է թույլ տա վերադառնալ ՊՆ նախկին շենք՝ մինչև հարցի վերջնական լուծումը։ Նա նշեց, որ անգամ ամենահարուստ երկրներն ունեն նման ծրագրեր, ուր մնաց՝ աղքատ երկրները չունենան։
ՊԵԿ շենքի մոտ հավաքված քաղաքացիները տեղեկացրին, որ ժամանակ են տալիս իշխանություններին մինչև մարտի 1-ը։ Այսօր իրենք պարզապես հավաքվել են, որպեսզի հիշեցնեն իրենց խնդրի մասին, սակայն եթե մինչ այդ իրենց հարցին լուծում չտան, ավելի բազմամարդ ցույցեր են նախապատրաստելու։
«Մեղ ասում են՝ պետք է հարցը քննարկեն, իսկ մինչև հարցը քննարկեն, մենք պետք է դրսո՞ւմ քնենք»,- ասում են քաղաքացիները։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: