ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու հարցում: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ կառավարությունը:
Փոխվարչապետը շեշտել է նաև ֆրանսիական կողմի օժանդակության կարևորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը:
Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին: