ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածությունից, այդ թվում՝ սպառնալիքներից և մեղադրանքներից, ռազմական սադրանքներից և գործողություններից։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ՝ արցախյան հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ։
«Այս առումով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն կոչ է անում երկու կողմերին շրջել մարտերի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագա անհարկի մարդկային կորուստները»,- ասված է հայտարարության մեջ։
Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։
«ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է պահպանել թափը, համաձայնեցնել կոնկրետ քայլերը և ապահովել անվտանգ և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»,- ասել է Ստանոն:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն մասնակցել խնդրի լուծման գործընթացին։
«ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել՝ արձագանքելով երկու կողմերի ցանկություններին և աջակցելով նրանց աշխատանքին՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդարացի կարգավորմանը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, վերին ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ինչպես նաև ԵՄ այլ մեխանիզմների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։