Ես կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև այս տարեվերջ: Այս մասին ԱԺ-Կառավարություն ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն ու կառավարությունը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի դա լինի իրատեսական:
«Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանո՞վ է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմանները հայտնի են»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն պետք է սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Իսկ ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անելու է «խաղաղության պայմանագրի» կնքմանը նպաստելուն:
Խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հարցին, Փաշինյանն ասաց, որ իրենք մշտապես հղում են արել 1992 թվականի փետրվարին ՀՀ ԳԽ-ում վավերացրած փաստաթղթին, որի ընդունող կազմից շատերն այսօր ընդդիմության անդամներ են: Նա նաև մեջբերեց Մադրիդյան սկզբունքները՝ կրկին նշելով, որ հենց նախկինների օրոք է Արցախը ճանաչվել Ադրբեջանի մաս: