Հայերին ու Հայաստանին միանալու և բողոքի ձայնը բարձրացնելու վերաբերյալ նախաձեռնությանն իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը, որի անդամները սադրանքներից խուսափելու նպատակով, որոշեցին ուղեկցել այդ երթը: Այս մասին հայտնում է համայնքի ֆեյսբուքյան էջը:
«Այն սկսվեց Ավլաբարի մետրոյի հարակից տարածքից, և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև։ Երթին մասնակցում էր բավականին մեծ թվով ոստիկաններ, որոնք Մետեխիի կամրջին կազմել էին «կենդանի պատ»։ Ոստիկանության հետ երկար վիճելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրաման ունի երթի մասնակիցներին չթողնել շարունակել երթը դեպի Ադրբեջանի դեսպանություն, ՀԿ «Վրաստանի Հայ Համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանը սադրանքներից խուսափելու նպատակով փորձեց երթի մասնակիցներին կազմակերպել և շարունակել երթը դեպի Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության շենքը:
Սակայն իրեն այդ հնարավորությունը չտրվեց, որովհետև ձերբակալվեց ևս մեկ երթին մասնակից քաղաքացու հետ միասին։ Արթուր Միրզոյանի անօրինական ձևով ձերբակալությունը աղմուկ բարձրացրեց կազմակերպության անդամների միջև, որոնք փորձեցին կասեցնել այդ անօրինական քայլը, և այդ ժամանակ ձերբակալվեցին կազմակերպության ևս 4 անդամ։ Սակայն այդ ամենը չկոտրեց երթի մասնակիցների ոգին, և ազատության մեջ մնացած կազմակերպության մյուս անդամները` մի խմբով շարունակեցին երթը հայրենասիրական երգերով դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը, Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով։
Խորհրդարանի շենքի դիմաց խոսքով ելույթ ունեցան երիտասարդները, նույնիսկ ելույթ ունեցավ Ուկրաինայի քաղաքացին, որը աջակցեց Հայաստանին և ՈՒկրաինային։ Ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մասնակիցները չիմացան ձերբակալված իրենց 5 անդամի ազատության լուրը»,- գրում է կազմակերպությունը: