Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ու ԱՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն երկու հանրապետությունների խորհրդարանների միջև դեռևս 2012թ. ստորագրված հուշագրի լրացված, ժամանակի պահանջներին համապատասանեցված տարբերակն է:
ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հուշագիրը քաղաքական ու գործնական մեծ նշանակություն ունի:
«Հուշագրով մենք այնպիսի համաձայնեցված համակարգ ենք ստեղծել, որ մինչև ՀՀ-ում օրենքի ընդունումը մեր համապատասխան հանձնաժողովի անդամները կամ գործադիր իշխանության ներկայացուցիչները մասնակցում են օրենքի նախագծի քննարկմանը, այսինքն Արցախի առաջարկները ևս հաշվի են առնվում»,- ասել է Արմեն Սարգյանը՝ շեշտելով նաև հուշագրի քաղաքական բաղադրիչը:
Մխիթար Հայրապետյանի խոսքով խորհրդանշական է, որ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական նստաշրջանից առաջ հանձնաժողովի նիստը կայանում է Արցախում:
«Սա գալիս է ևս մեկ անգամ ցույց տալու, թե որքան ենք մենք կարևորում շփումները երկու հայկական պետությունների և երկու հայկական խորհրդարանների միջև: Հուշագիրը լուծում է ոլորտային քաղաքականությունների ներդաշնակեցման հարցերը, ինչը մենք չափազանց կարևորում ենք»,- իր ելույթում նշել է Մխիթար Հայրապետյանը` ավելացնելով, որ իրենց համար մեծ պատիվ է հայ ժողովրդի պատմության վերջին ժամանակշրջանի զարթոնքներից մեկի խորհրդանիշ Շուշիում հավաքվելը:
Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել երկու հայկական հանրապետությունների համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստը:
Հավելենք, որ պատվիրակության անդամները եռօրյա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահի, Արցախի խորհրդարանի իրենց գործընկերների հետ, նախատեսվում է հանդիպում նաև ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ :