Ֆրանսիայի հրապարկում մեկնարկել է ընդդիմության հերթական հանրահավաքը-երթը։
Առավոտյան ևս «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթ էր իրականացրել դեպի ԱԳՆ շենք։
Իսկ ԱԳՆ-ի շենքում տեղի էր ունենում աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
«Դիմադրություն» շարժում առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր՝ գնում են Սերգեյ Լավրովին ասելու, որ ՀՀ իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։
Իշխան Սաղաթելյանը նաև ասել էր, որ իրենք ԱԳՆ շենքը շրջափակելու նպատակ չունեն։
«Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», – նշել էր ընդդիմադիր գործիչը։
Նշենք, որ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նա հանդիպել է Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի մեկից խորհրդարանական ընդդիմությունն ու նրանց միացած քաղաքացիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։