Հունիսի 9-ին՝ ժամը 09:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:
Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է «Դիմադրություն» շարժման կազմակերպիչ Իշխան Սաղաթելյանը։
«ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հայ ժողովուրդն արդեն ձևակերպել է սեփական օրակարգը, որն այսօր քննարկվում և պաշտպանվում է Հայաստանի փողոցներում ու հրապարակներում և ներկայացվում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստան ժամանող միջազգային գործընկերներին։
Մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները»,- գրել է ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ հունիսի 8֊9-ն աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: