Խայտառակ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանությունը մի քանի հարյուր քաղաքացու է բերման ենթարկել։ Հիմա փորձում են նրանց վրա գործ հարուցել։ Կարմիր բերետավորները խփել են պատգամավորներին․ ակնհայտ է, որ նրանց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, ովքեր շատ հստակ հանձնարարություն են ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
«Ժողովրդավարության բաստիոնից խոսացող իշխանությունն արգելում է ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարության շենք։Մենք հստակ ասել ենք․ ով դեմ է մեր ներկայացրած փաստաթղթին, ուրեմն կողմ է Ալիևի՝ Հայաստանն ու Արցախը կործանելու ծրագրին։ Սա իշխանության հարց չէ, նախընտրական հավաքներ չեն, սա համաժողովրդական շարժում է հանուն Հայաստանի և Արցախի»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ պայքարը պետք է դառնա համահայաստանյան։
Ընդդիմադիր գործչի տեղեկացմամբ՝ այսօր հանրահավաք չի լինի, սակայն, 19։30-ին բոլորին կրկին հրավիրում են Ֆրանսիայի հրապարակ, կլինի աշխատանքային զրույց քաղաքացիների հետ։ Իսկ վաղն առավոտյան կվերսկսվեն ակցիաները, երեկոյան կլինի հավաք ու երթ։
Նշենք, որ այսօր ևս շարունակվել են բողոքի գործողությունները։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները կանգ են առել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց, ընդդիմադիր պատգամավորները փորձել են ներս մտնել։ Նրանց չի հաջողվել մտնել կառավարության 3-րդ մասնաշենք և իրենց հայտարարությունը ներկայացնել նախարարներին։ Տեղի է ունեցել բախում ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունից Armenia Today-ին փոխանցել են, որ բերման է ենթարկվել 111 քաղաքացի։