Կանադան միանում է երկրի և ամբողջ աշխարհի հայերին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղերձում՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ուժեղ, բազմազան և ներառական երկրի ձևավորմանը»,- ասվում է Թրյուդոյի ուղերձում, որի տեքստը հրապարակել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Ուղերձում հիշեցվում է, որ 2015 թվականին՝ ցեղասպանությունից մեկ դար անց, Կանադայի խորհրդարանը միջնորդություն է ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր նշանակելու մասին՝ «ամսաթիվ, որն այդ ժամանակվանից ծառայում է որպես հիշեցում այս վայրագությունների և պատճառած կորուստների և ցավի մասին, երաշխավորում, որ դրանք երբեք չեն կրկնվի»:
Ատելության և բռնության հանդեպ անտարբերությունն անընդունելի է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը կատարի, որպեսզի բռնությունն այլևս չկրկնվի, ընդգծել է Կանադայի վարչապետը։
«Այս մռայլ տարելիցին մենք հիշում ենք կորցրած կյանքը, ճանաչում ենք հայ ժողովրդի ուժն ու ոգին և հույսով սպասում ապագայի, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և արժանապատվության վրա ամբողջ աշխարհի մարդկանց և երկրների միջև»,- ասել է Ջասթին Թրյուդոն։
Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին՝ Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել ցեղասպանության ճանաչման դեմ՝ օգտագործելով պատմությունը կեղծելու մեխանիզմները, հակահայկական քարոզչությունը, քաղաքական, տնտեսական, լոբբիստական և այլ միջոցներ։