Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասված է.
«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց:
Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում, և ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Ցավով տեղեկացա կորոնավիրուսային վարակի Ձեր թեստի դրական արդյունքի մասին»:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ շատ մոտ ապագայում Նազարբաևը կվերադառնա առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և նախանշված ծրագրերի իրականացմանը:
«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,
սրտանց մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»,- ասվում է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։