Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս»,-նշել է վարչապետը։
Վարչապետը նշել է, որ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից, Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրությունը։
Ըստ վարչապետի՝ սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետև Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, և ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից։ Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ»,-նշել է նա։
«Ու չնայած իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում»,-հավելել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի համոզմամբ՝ նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու հարցը պետք է լուծի:
«Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարևոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում»-նշել է վարչապետ Փաշինյանը։