Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացների ներկա ընթացքին։
Անդրադառնալով հարցին, որ «Մարտի 1-ի» գործը վերաբացված է, սակայն մինչեւ այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները, ի վերջո, ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է գործի քննության ընթացքից։ Ի վերջո, կարևոր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը, թե սպանվածներին գտնելը։ Ի՞նչ են վարչապետին զեկուցել, ինչո՞ւ չի հաջողվում գործի քննությունն առաջ տանել»,-վարչապետը պատասխանել է, որ իր կարծիքով՝ շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1-ին» և դրանից հետո։
«Պատկերացրեք, ըստ առերևույթ մեղադրանքի գործը քննող քննչական խմբի ղեկավարը եթե հանկարծ կրակված պարկուճները տարածքում փոխել է։ Դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան։ Մենք այսօր չունենք հնարավորություն այդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել։ Եվ հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ. ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել այն պարկուճները։ Գուցե ինքը գիտի այդ սպանության հեղինակների անուն-ազգանունները»։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ քննությունը պետք է շարունակվի։ «Մեծ հաշվով պարզ է՝ ովքեր են կազմակերպել այդ սպանությունները։ Քրեական գործերի մի մասն ուղարկված է դատարան, որ հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա՝ կարծում եմ, որ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»։
Վարչապետը նշել է, որ հնարավոր է գործով ապացույցներ էլ լինեն, որոնք հավերժ կորցրած լինեն. «Հիմա եթե պարզվի, որ այդ հավաքած իսկական պարկուճները տարել լցրել են ձուլարանում ու ձուլել են, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում»։