ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, հայտնի է մի շարք քրեական պատմություններով, գրում է Armlur.am-ը՝ հավելելով, որ իրավապահները նրան միշտ «մաքրել են» այդ պատմություններից։
ՆԳՆ-ն Երևանում օգոստոսի 4-ին Սերգեյ Բագրատյանի ու որդու միջադեպով 3 անձի է ձերբակալել, լրատվամիջոցի տեղեկություններով՝ նրանց մեջ է եղել նաև Շանթ Բագրատյանը։ Կայքը նշում է, որ նա առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում, սակայն ամեն անգամ «ջրից չոր է դուրս գալիս»։
2022 թվականին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես՝ 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, և միջադեպի կիզակետում հայտնվել էր Շանթ Բագրատյանը: Այդ գործը ուշագրավ ավարտ ունեցավ՝ նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, կարճել էր այն:
«Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվել է»,- գրել է ԶԼՄ-ն։
Օգոստոսի 4-ին հաղորդվել էր, որ ՔՊ-ական պատգամավորը և որդին ծեծկռտուք են հրահրել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Բագրատյանի որդու հետ կապված միջադեպի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ հայտնելով, որ երեք մասնակից ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե: