Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը, հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության խորհուրդը հիշեցրել է, որ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Նշվում է, որ արբիտրաժի կողմից որոշման հրապարակումից հետո ՀՀ պետական մարմինները հանդես են եկել մի շարք հայտարարություններով՝ նշելով, որ հրատապ արբիտրաժի որոշումները կարող են չկատարվել ՀՀ կառավարության կողմից, և ՀՀ տարածքում կատարման համար դրանք նախ և առաջ պետք է ճանաչվեն ՀՀ դատարանների կողմից։ Բացի այդ, իշխանությունները շարունակել են ՀԷՑ-ի բռնագրավման ուղղությամբ քայլերը։
Այդ կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 29-ին Կարապետյանի ընտանիքը կրկին դիմել է հրատապ արբիտրաժին՝ խնդրելով լրացում կատարել հուլիսի 22-ին ընդունված որոշման մեջ և լրացուցիչ պարզաբանում ներկայացնել ՀՀ կառավարությանն առ այն, որ վերջինս պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել ներդրողների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել որոշման կատարմանն ուղղված քայլերի մասին։
Այսօր ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ Ստոկհոլմի արբիտրաժը հրաժարվել է լրացնել դատարանի որոշումը՝ Կարապետյանի և ՀՀ-ի միջև գործի վերաբերյալ։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները: