Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով քրեական գործ, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ ԳԴ-ի՝ հակակոռուպցիոն կոմիտեում ՔՕ 441-րդ հոդվածի 2 մասի 2 կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս և պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի առավելագույն ժամկետով), 46-441-րդ հոդվածի 2 մասի 2 կետով (Նույն հոդվածով նախատեսված արարքին հանցակցելը), 296 հոդվածի 3 մասի 2 և 3 կետերով (Փողերի լվացում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով) նախաձեռնված քրեական վարույթը նախաքննության փուլում է։
Դատախազությունը չհաստատեց Գասպարյանին ու սկեսրոջը՝ Ռուզաննա Ասատրյանին մեղադրանք առաջադրվելու մասին տեղեկությունը։
Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ սպանությանը մասնակից է Գասպարյանի ամուսինը՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արամայիս Միրզոյանը։ Քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից թաքցրել է հանցագործություններ՝ սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024-ի հուլիսի 15-ին Գասպարյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության 300 000 դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։