Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:
Ըստ հետաքննության վարկածի՝ ահաբեկչությունը կատարվել է ուկրաինական իշխանությունների պատվերով և իրականացվել կրիմինալ էթնիկ շրջանակների միջոցով։
Մոսկվայում փետրվարի 3-ին Алые паруса բնակելի համալիրում պայթյունի հետևանով սպանվել էր հայկական գումարտակի հիմնադիր, Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը։
Shot Telegram ալիքը հայտնել էր, որ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր ամրացրել իր մարմնին և ակտիվացրել այն պահին, երբ Սարգսյանը դուրս էր եկել վերելակից։ Shot-ը նաև նկարագրել էր ենթադրյալ մահապարտ-ահաբեկչին որպես 40-ն անց տղամարդ: Փետրվարին «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման էր ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի։
Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, երիտասարդ տարիքից ապրել էր Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2019 թվականին Սարգսյանը դարձել էր Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, իսկ 2020 թվականին՝ Գորլովկայի պատվավոր քաղաքացի։ 2025 թվականին պարգևատրվել էր ՌԴ «Արիության» շքանշանով։ 2022 թվականի սեպտեմբերին Դոնբասում ստեղծել էր «Արբատ» (Հայկական գումարտակ)՝ առանձին հատուկ նշանակության գումարտակ «Պյատնաշկա» միջազգային բրիգադի կազմում։ 2023 թվականի հուլիսին գումարտակը մտել է Ռուսաստանի զինված ուժերի կազմ, նույն ամսում Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղի էր ունեցել գումարտակի մարտիկների օրհնության կարգ։