«Սրբազան պայքար» շարժման մասնակից, կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ Արշակյանը ծանր հիվանդություն ունի և բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիաթերապիայի կուրսեր՝ 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։ Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին, տեղեկացրել է Դանիելյանը։
Պատգամավորը նշել է, որ առողջապահական վիճակի բարելավման համար կալանավորին անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։
«Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ ՄԻՊ-ին»,- գրել է Դանիելյանը։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ Արշակյանը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և այլ անձանց հետ 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտի 14-ը նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում: