Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված տղամարդու նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ տվյալ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում)։
Ըստ գերատեսչության՝ այս պահին քաղաքացին ունի ձերբակալվածի կարգավիճակ։
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ շանը կապել էին մեքենայից ու քարշ տալով տարել։ Հուլիսի 15-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած քաղաքացին ձերբակալվել է։ Ըստ ՆԳՆ-ի՝ շանը մեքենայով քարշ տված Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։