Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն: Նրանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:)։
Կոմիտեն հավելել է, որ քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և բերման ենթարկված՝ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը:
Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։