ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա սկսվել է ուսումնասիրություն, հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել, որ ձերբակալվել և Երևանի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը, չի ապահովվում փաստաբանների մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Պաշտպանի հանձնարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Քննչական վարչություն:
ՀՅԴ-ն հուլիսի 10-ին հայտնել էր իր անդամների տներում իրականացված խուզարկությունների մասին և նշել, որ կա ձերբակալված՝ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, և բերման ենթարկված՝ կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը: