Քննչական կոմիտեն միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում 51 հասցեներում, հայտնում է ՀՀ ՔԿ-ն՝ առանց մանրամասնելու: Նշվում է նաև, որ 5 մարդ կալանավորված է:
«Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Թե ո՞ր ընկերությունների մասին է խոսքը, ովքե՞ր են կալանավորված, ո՞ւմ նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, կրկին չի հաղորդվում: