Իրավապահ մարմինները վաղ առավոտից խուզարկություններ են կատարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ Կարապետյանը նաև «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահն է։ Այս մասին տեղեկացրել են Armenia Today-ի աղբյուրները։
Հայտնի չէ, թե որն է խուզարկությունների պատճառը:
Հուլիսի 2-ին խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։ Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։
Նարեկ Կարապետյանը կալանավորված գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին է: Հուլիսի 4-ին հաջակցություն Կարապետյանի ակցիայի ժամանակ նա հայտարարել էր, որ ազգի մեջ «բաժանումը ստեղծվել է, որ մեզ հեշտ կառավարեն»: «Մինչդեռ միակ բաժանումը, որ մեր մեջ պետք է լինի հետևյալը պետք է լինի՝ կլինենք կառուցող, թե՞ քանդող»: Այդ նույն ակցիայի ընթացքում ընթերցվել էր Սամվել Կարապետյանի ուղերձը, որում նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս անելիք չունի Հայաստանում։ Կարապետյանը շեշտել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու անհրաժեշտության մասին։