Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և հատուկ դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ եղբայրներ Հուսեյն և Զիադդին Սաֆարովները մահացել են Եկատերինբուրգում՝ ռուսական իրավապահների դաժան վերաբերմունքի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ին՝ Ռոսգվարդիայի, ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի համատեղ հատուկ գործողության ընթացքում Սվերդլովսկի մարզում», – ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Քննչական տվյալներով՝ Եկատերինբուրգում անցկացված խուզարկությունների ժամանակ ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ և ադրբեջանական ծագմամբ անձինք, որոնք կասկածվում էին ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցության մեջ։ Ձերբակալության ընթացքում, ինչպես նաև ուժային կառույցների ծառայողական մեքենաներում ու շենքերում, ըստ Ադրբեջանի դատախազության, «նրանք ենթարկվել են դաժան ծեծի՝ ծանր բութ առարկաներով բազմաթիվ հարվածներ ստանալով տարբեր մարմնական հատվածներին»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 28-ին բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Եկատերինբուրգում իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որտեղ ձերբակալվել էր ինը ադրբեջանցի: Հունիսի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի չեղարկման մասին:
ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին նախարարություն է հրավիրել՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության» կապակցությամբ: Ադրբեջանի ՆԳՆ-ից հունիսի 30-ին հայտնել էին, որ Բաքվում գտնվող «Sputnik Ադրբեջան» գործակալության գրասենյակում «գործողություն» է իրականացվել։